среда, 8 июня 2011 г.

Սև սուրճ

Սրճարանում աղմուկ է, ափսեների չխկչխկոց, սիրահար զույգերի ժպիտներ, աշխատանքից հետո հանգստացող մարդիկ, մատուցողներ, որ ժպտում են (երևի սիրալիր), շանսոն ու մի բաժակ դառը, սև սուրճ....
 Չգիտեմ` օգնում է արդյոք սուրճը, բայց վերջերս սկսել եմ հաճախակի խմել: Իսկ փողոցում արդեն սովորական դարձած անձրև` աղմկոտ, միապաղաղ....
 Սուրճի բույրը անցնում է մաշկիս տակ, ստիպում մի քանի վայրկյանով տարօրինակ ջերմություն զգալ: Վերջերս սկսել եմ մեծանալ. մի կողմ եմ դրել հիմար սովորություններս, մանկական կամակորություններս, բոլորից նեղանալը, տանիքում նստելը, երազելը...Ձանձրալի լինելը այնքան հեշտ է....Սուրճ եմ խմում, քաղաքականությունից խոսում, տմբտմբացնում գլուխս, բարկացած նայում փողոցում աղմկող երեխաներին: Սկսել եմ լռել: Նույնիսկ հաճելի է. դու լռում ես ու անտեսանելի դառնում այնպես, որ...
 Դիմացս նստած երիտասարդին առաջ էլի եմ տեսել: Ինչ-որ տարօրինակ բան կա նրա հայացքում` վանում է, ձգում, երկար, նուրբ մատներ ունի ու կիթառ...Երևի երջանիկ է: Երեկոները նստում է պատուհանի գոգին, կիթառ նվագում կամ սպասում:
 Սուրճի բաժակը ձեռքին` նա նայում է ինձ, ժպտում: Այս պահին նա հարազատ է թվում այնքան,որ սկսում եմ մտածել,թե գիտեմ` ինչպես է բուրում վերնաշապիկը, ինչպես է ձգում տաբատը, ինչպես է քորում աչքերը..Ինձ նման....Հիմա մենք իրար նման ենք. երկուսս էլ լուռ ենք, նայում ենք մարդկանց,փորձում կարդալ նրանց ու մնալ անտեսանելի այնպես, որ միայն իրար ենք տեսնում...
Սրճարանը սկսում է դատարկվել: Չաղլիկ կինը փակում է հաշիվը, անցնում դիմացի մայթ, իսկ փողոցում շարունակվում է անձրևը, որ սովորական է դարձել...
Մի վերջին անգամ նայում եմ երիտասարդին...Գիտեմ, գիտի, մենք իրար այնքան լավ ենք հասկանում...Նա հայացքով ուղեկցում է ինձ մինչև դիմացի մայթ, ու ես խառնվում եմ անգույն ամբոխին: Սուրճս կիսատ է մնացել, բայց ոչինչ, շտապում եմ...Վերջերս մեծացել եմ այնքան, որ շտապում եմ....

Комментариев нет:

Отправить комментарий