Երեկոյան քաղաքը ավելի կխեղճանա, արևի լույսով ընդարձակ թվացող փողոցները կսկեն նեղանալ, մայթերը կմոտենան այնքան, որ դանդաղ կխեղդվեմ տարածության, ժամանակի, օդի, ինքս իմ պակասից...
Քաղաքը այդպես էլ խոսել չսովորեց: Ամեն անգամ լարում եմ լսողությունս, ամբողջ մարմնով ծգվում դեպի շենքերը, փորձում որսալ ինչ-որ ձայներ.. Որպես պատասխան լսում եմ արյանս շրջանառությունը, սրտիս անհաստատ զարկերը,
ուղեղիս աշխատանքը..Իսկ քաղաքը.. Մարդիկ այստեղ չեն զրուցում, մարդիկ ձեռք են քաշել անգամ մենախոսությունից....Քաղաքը համր է:
Ընտրություններից առաջ փռված ասֆալտը սկսում է ծանրանալ անցորդների ոչինչ չասող քայլերից: Ես նրանցից մեկն եմ` նոր, անհարմար կոշիկներով (այդպես էլ չսիրեցի նոր կոշիկներս) ...
Մենք վախենում ենք բաց փողոցներից, բաց ճակատներից..մենք պատեր ենք սիրում` հաստ շետով պատեր..Պատերը մեզ պաշտպանում են անձրևից, ցրտից, իրարից, մտքերից, օդից, կյանքից: Պատերը սպանում են լուսամուտները, պատերը սպանոմ են բոլոր դռները...
Կոկորդս լցված է կիսատ-պռատ ցանկություններով, զգացողություններով, մի օրվա սիրով, քեզնով, չապրածով: Ես դանդաղ փակվում եմ ինքս իմ մեջ մայթերի նման , ես օտարում եմ ինձ, ցանկապատում եմ իմ շուրջը ներս չնայելու համար:
Ծխելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ ծխում..
Խմելը վնասակար է առողջությանը..
Ես չեմ խմում...
Սիրելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ սիրում...
Ապրելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ ապրում...
Քաղաքը շարժվում է ինձնից դանդաղ` թարմ ասֆալտապատված մայթերով. մի կերպ եմ քայլում իմ նոր կոշիկներով: Դատարկությունը լցվում է ինձնով, իսկ ես` ականջակալներիցս հնչող կիթառի թույլ, արդեն նահաջող ակորդներով:
Երկուշաբթին չի տարբերվում շաբաթվա մնացած բոլոր օրերից. ես չեմ տարբերվում քաղաքից:
Մենք երկուսս էլ մտածում ենք մեր առողջության մասին. բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը...

Комментариев нет:
Отправить комментарий