Զվարճալի է արթնանալիս նրան կողքից նայելը: Նախ մեծ դժվարությամբ բացում է աչքերը, երկու ձեռքով երկար տրորում, ծուլորեն ձգվում անկողնում ու նորից քնում այնպես, կարծես քիչ առաջ ինքը չէր նախատում արևի շողին, որ խցկվել էր պատուհանից ներս ու այդքան վաղ արթնացրեց իրեն: Կանցնի մի ժամ: Կրկին կբացի աչքերը, իր հանգուցյալ պապիկի նման երկար-բարակ կփնթփնթա ու առանց շտապելու կմտնի խոհանոց…Մի բաժակ սև սուրճ, և կախարդանքը սկսվում է…Ինչպիսի մեծ հաճույք. ամբողջ մարմնով շնչել սուրճից բարձրացող գոլորշու բույրը: Ժպիտ:
Փողոցում տոն է երեկվա նման, վաղվա նման ու տարվա բոլոր օրերի նման: Մայթերը արձագանքում են քաղաքի ջերմությունը, խելագար գիշերը իր հետևից հետքեր չի թողել: Արևը հասցրել է տաքացնել տիրոջ իրավունքով տանիքին փռված կատվին, տան դիմաց նստած նախկին զինվորականի ծերացած ոսկորները. դրանից է, որ այսօր ավելի աշխուժորեն է օրորվում ճոճաթոռում:
Ինքն էլ չգիտի, թե ինչու սիրեց ծովը: Երևի նրա համար, որ կապույտ է եկնքի նման ու լուռ` գիշերի նման, սիրեց, որովհետև ծովը ազատ է… Սիրեց առանց հարցեր տալու: Ավազը հնազանդորեն հոսում էր մատների արանքով, զգում տղայի մարմնի ջերմություն: Այստեղ` փոքրիկ ու աշխարհի բոլոր քարտեզների կողմից մոռացված քաղաքում, նա գտավ այն, ինչ առանց գիտակցելու փնտրել էր ամբողջ կյանքում: Քաղաքը սիրեց խորհրդավոր տղային, իսկ տղան սիրեց նրա նարնջագույն փողոցները, ծովը, որ ամեն ինչ գիտեր աստղերի մասին, ավազը, որ ջերմ է անծանոթ աղջկա շագանակագույն աչքերի նման: Անծանոթուհին ապրեց իր հետ մի օր…Նրանք երկար զբոսնեցին ծովափին, միասին լռեցին, աղջիկա մազերի բույրը սահեց ու անցավ տղայի բոլոր զգայարանների միջով…Առավոտյան աղջիկը գնաց` թողնելով տաք մատների ջերմությունը ու գունավոր հովհարը…
Տարիներ շարունակ տղան ոտնատակ է տալիս ամբողջ աշխարհը: Մի օր նա փակեց սենյակի դուռը ու հեռացավ հայրական տնից` թողնելով սեղանին սառչող ապուրը ու մանկությունը: Հեռացավ` գտնելու այն, ինչ չեն փնտրում` իր տունը: Ու հիմա այստեղ` հայրական տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, անցյալից հավերժորեն օտարված` տղան անմնացորդ տրվեց կյանքին…
Նա, ոչինչ չանելով, անում էր ամեն բան` ապրում էր…Ապրում էր կեսօրը, վանիլային երկինքում տարածված ջերմությունը, ապրում էր ձայներ ու գույներ, ապրում էր բնությունը ...
Ու ամեն անգամ, երբ շատ ամուր փակում էր աչքերը, արևը ավելի էր մոտենում…Մոտենում էր այնքան, որ դիպչում էր շուրթերին, խառնվում վերնաշապիկի հոտին, գզգզված մազերին, հոսում վառվող երակներով, գրկում սիրով լցված ժպիտը…
Գնացքը առաջ է սահում դանդաղ` հետևում թողնելով մի քանի երջանիկ օր, բարալիկ իրանով աղջկան, որ ունի շագանակագույն աչքեր, հավերժական տոնի նարնջագույն քաղաքը:
Տղան չի տխրի. նա տանում է իր հետ արևը, որ խնամքով թաքցրել է շապիկի տակ` իր սրտում: Ինչ-որ մի տեղ`հեռվում, սեղանին սառչում է ապուրը, իսկ արևի տղան գտել է իր տունը …
Նվիրում եմ մի տղայի, ով գիտի, թե որտեղ է ապրում արևը