понедельник, 23 апреля 2012 г.

Զբոսանք



Երեկոյան քաղաքը ավելի կխեղճանա, արևի լույսով ընդարձակ թվացող փողոցները կսկեն նեղանալ, մայթերը կմոտենան այնքան, որ դանդաղ կխեղդվեմ տարածության, ժամանակի, օդի, ինքս իմ պակասից...
 Քաղաքը այդպես էլ խոսել չսովորեց: Ամեն անգամ լարում եմ լսողությունս, ամբողջ մարմնով ծգվում դեպի շենքերը, փորձում որսալ ինչ-որ ձայներ.. Որպես պատասխան լսում եմ արյանս շրջանառությունը, սրտիս անհաստատ զարկերը,
ուղեղիս աշխատանքը..Իսկ քաղաքը.. Մարդիկ այստեղ չեն զրուցում, մարդիկ ձեռք են քաշել անգամ մենախոսությունից....Քաղաքը համր է:
Ընտրություններից առաջ փռված ասֆալտը սկսում է ծանրանալ անցորդների ոչինչ չասող քայլերից: Ես նրանցից մեկն եմ` նոր, անհարմար կոշիկներով (այդպես էլ չսիրեցի նոր կոշիկներս) ...
Մենք վախենում ենք բաց փողոցներից, բաց ճակատներից..մենք պատեր ենք սիրում` հաստ շետով պատեր..Պատերը մեզ պաշտպանում են անձրևից, ցրտից, իրարից, մտքերից, օդից, կյանքից: Պատերը սպանում են լուսամուտները, պատերը սպանոմ են բոլոր դռները...
Կոկորդս լցված է կիսատ-պռատ ցանկություններով, զգացողություններով, մի օրվա սիրով, քեզնով, չապրածով: Ես դանդաղ փակվում եմ ինքս իմ մեջ մայթերի նման , ես օտարում եմ ինձ, ցանկապատում եմ իմ շուրջը ներս չնայելու համար:

Ծխելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ ծխում..
Խմելը վնասակար է առողջությանը..
Ես չեմ խմում...
Սիրելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ սիրում...
Ապրելը վնասակար է առողջությանը...
Ես չեմ ապրում...


Քաղաքը շարժվում է ինձնից դանդաղ` թարմ ասֆալտապատված մայթերով. մի կերպ եմ քայլում իմ նոր կոշիկներով:  Դատարկությունը լցվում է ինձնով, իսկ ես` ականջակալներիցս հնչող կիթառի թույլ, արդեն նահաջող ակորդներով:
 Երկուշաբթին չի տարբերվում շաբաթվա մնացած բոլոր օրերից. ես չեմ տարբերվում քաղաքից:
Մենք երկուսս էլ մտածում ենք մեր առողջության մասին. բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը...

среда, 11 апреля 2012 г.

Հրաժեշտ


Ես քո բացակա ներկայությունից
Սկսում եմ կորցնել իմ հենման կետը,
Անձայն հեռանում ինքս ինձանից,
Իմ իսկ ձեռքերով պրկած պարանից
Բոլոր չգործած մեղքերիս համար
Ու մեռած ցավիս...
Դու ճանաչում ես լոկ կաղապարս,
Իսկ ես` ափերիդ տաք սառնությունը:
Դու ինձ սիրում ես, ինչքան տեսնում ես,
Իսկ ես քեզ զգում եմ ինձնից առավել:
Դու ինձ օտար ես, անծանոթ կարոտ,
...վառվող մի կրակ...
Որ գալարվում է ազդրերիս մեջ տաք,
Ձգվում կոնքերիս շուրջը դողալով,
Ապրելու վախով, չապրածի սիրով...
Դու ինձ սիրում ես, ինչքան կարող ես...
Ես քեզ սիրում եմ ատելու չափ շատ...