суббота, 14 января 2012 г.

Լապտերներ



Փողոցում վառվում են միայնակ լապտերները, հետոն թվում է հեռու, անկարևոր...Քայլեր...Ոտաբոբիկ, թաց քայլեր, մի քիչ արև մայթերին, աչքերիդ մեջ, վարսերիս մեջ, մի քիչ արև միայնակ լապտերներոին...Ու գիշերին վառվում են նրանք մեկ առ մեկ: Քայլում են երկու միայնակ օտար: Հարազատ, հեռու օտարները չեն սպասում առավոտվան.նրանք գիտեն, որ գիշերն անսահման է: Փողոցը ջերմ, մատները ջերմ, կիթառը ջերմ..նոտաներ...
Գիշեր, մայթեր, աստղեր, ինչ-որ տեղ լապտերներ` ժպտացող, սպասող..
Օտարները գիտեն, օտարները զգում են, որ մոտ են այնքան, որ կարևոր չէ առավոտը, կարևոր չեն երկար, փոշոտ փողոցները, գիշերներն ու ցերեկները, որ պիտի անցնեն, իսկ հետո...հետո երկուսով արև կշնչեն...

пятница, 6 января 2012 г.

Անվերնագիր


Ես հանձնվում եմ առանց պայքարի
Ու վայր եմ դնում զենքերս բոլոր..
Ես անզեն սրտով, սառած մատներով
Ինձ վտարում եմ ձեր աշխարհներից,
Ուր հիվանդ վախին էլ բուժում չկա,
Ուր ես կորցրել եմ ամենն, ինչ ունեմ....
Ցասկոտ փոթորկի, մրրիկների դեմ
Այժմ մենակ եմ իմ անառագաստ
Անխարիսխ նավով...
Գիտեմ` օտար եմ ձեր ցերեկներին ու արևներին,
Օտար երգերին, սիրուն, ձեռքերին:
Հավերժ աքսորված ձեր փակ սրտերից ու բաց մտքերից.....
Հավերժ թափառող, հավերժ խելագար:
Ու միշտ որոնող թաց սրտի ձայներ
Ձեր խնջույքներում.....
Պատուհանից ներս....
Ես մեծ օտարն եմ...
Դուք մի' վախեցեք...
............Բացե'ք դռները
Փոթորիկները մենակ են շրջում....

понедельник, 2 января 2012 г.

Նոր էջ


Ու կրկին կոտրված ապակիներ` բազմագույն, բազմաձև, բայց այս անգամ ամեն բան այլ է: Ես չեմ պատրաստվում հավաքել դրանք, ընտրել հարմար գույներ, նկարել անցած մի ամբողջ կյանք և կամ մեծ ՊԵՏՔ Է-ն, որ կոտրված ապակու ամեն հատվածում իր գույնը ունի.. Ստիպում է կանգնել, շրջվել ու հետո երբեք առաջ չշարժվել, սպասել ոչնչին ու խեղդվել երկար....
 Այս անգամ ես կլցնեմ դատարկությունը դողացող տողերով, կիսատ մնացած հույզերով, չստացած ու չվատնած սիրով: Ես կլցնեմ դատարկությունը ինձնով ու առաջ կանցնեմ առանց վարանելու, առանց մրսելու: Կքայլեմ ապակիների վրայով ՄԵՐԿ ՍՐՏՈՎ. ես չեմ վախենում հետքերից.....
..........................Երբ հեռու լինեմ ու բարձր, ես ձեզ թռչել կսովորեցնեմ.............

воскресенье, 1 января 2012 г.

Ապրում եմ...


Փակի'ր դռները. մենք արդեն մեծ ենք
Սպասելու համար ու կարոտելու,
Մենք արդեն մեծ ենք տխրելու համար,
Ոչինչ չասելու, բայց հասկանալու...
Մեծ ենք խոսելու, լռելու համար,
Նորից թռչելու, չմտածելու:
....Ու առանց լույսի լուռ աղոթելու,
Երբ հավատում ենք, որ աստվածները
Մեզ վաղուց արդեն չեն էլ ճանաչում..
Գիտես, սիրելի'ս, արդեն շատ ուշ է
Վերելքի համար ու մեծ վայրէջքի:
Ուշ է ինձ նորից շնչելու համար,
Ձեռքդ բռնելու, քեզ տաքացնելու..
Այս պատերազմում անգույն երգերի
Մենք լոկ պարտվող ենք..
Մենք արդեն մեծ ենք
Նույնիսկ ատելու, ստելու համար...
Իսկ ես, փոքրի'կս, ես դեռ սիրում եմ...