Սեփական առանցքի շուրջ պտտվելով, եթե անգամ նույն կետին վերադառնաս, միևնույն է, արդեն ուրիշ ես:
Խանութում վաճառողուհին նայեց ոտքերիս, ընտրեց առաջին պատահած կոշիկը, ինձ տվեց: Կոշկը մեծ էր, անհարմար: Հետո երկար ժամանակ փորձում էր համոզել, որ այն իսկը ինձ համար է կարված: Նայեցի ոտքերիս, վաճառողուհու կարմրած դեմքին, վերցրի կոշիկը ու դուրս եկա խանութից: Վաճառականները լավ են համոզում:
***
Քաղաքում մարդիկ վաղուց չեն խոսում: Քաղաքը համր է, խուլ: Երբ փոքր էի, ականջներիս հասնում էին ինչ-որ ձայներ: Տեսնում էի, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան ասել: Կիսաբաց բերաններից դուրս էին գալիս կիսատ-պռատ տառեր, արձագանքներ, հոգոցներ: Ինքս դեռ նորմալ չէի կարողանում ձևակերպել մտքերս. ես ու քաղաքը նման էինք: Ես մեծացա, խոսել սովորեցի, իսկ քաղաքը դեռ լուռ է, հիմա անգամ չի կմկմում: Հանում եմ ականջակալներս. ոչինչ չեմ լսում:
Զարմանալի բան... քայլել մի փողոցով, որով անցել ես ամեն օր, 19 տարի: Ամեն անգամ տուն վերադառնալուց, երբեք տնից չհեռանալուց... Փողոցը դեռ օտար է, մայթերը անգիր գիտեմ, իսկ հիշողություններ չկան:
Վերջերս պատահաբար աչքովս ընկավ մի փողոցի նկար: Չգիտեմ փողոցի անունը, հասցեն, չգիտեմ անգամ, թե որ քաղաքում է, բայց կարոտում եմ: Իմ փողոցային սերը կսպասի ինձ...
***
Տանը սպասվում են ամեն օրվա նման: Ամեն ինչ նույնն է: Փոխանակում եմ մի երկու խոսք, կատարում իմ` երեխային հատուկ պարտականությւոնը: Այդպես ես ամեն օր ապացուցում եմ, որ ընտանիքի անդամ եմ, որ երջանիկ եմ: Տուն- փակ տարածություն, պատեր, որոնց ներսում գլխիս են փշրվում երազանքներ, նպատակներ, կիսատ-պռատ գործեր, թափվում ափսեիս մեջ ու հետո կանգնում կոկորդիս: Իսկ ես երազանք չունեմ: Ուզում եմ բարձր ձայնով բղավել` <<հասկանում ես, ընտանիք, ՊԱՀԱՆՋ ՉԿԱ, ՊԱՀԱՆՋ ՉԿԱ, ՊԱՀԱՆՋ ՉԿԱ>> : Միայն մի փոքր պատուհան է պակասում, որ օդ ներս գա. շնչահեղձ եմ լինում: Խանութում կոշիկ են վաճառում, տանը` չիրականացած երազանքներ:
***
Քեզ հանդիպեցի փողոցում` քաղաքի միակ խաչմերուկում: Մի բուռ քաղաքի մայթերը շատ նեղ էին երկուսիս համար: Նայեցի ցրված հայացքիդ, կոպիտ մատներիդ, կիթառիդ, Հասկացա, որ որիշ մոլորակից ես: Կյանքում չեմ փորձել, բայց կարդացածս գրքերից, լսածս երգերից, նայածս ֆիլմերից գիտեմ, որ հերոինից առաջանում է կախվածություն: Մեկ անգամ փորձելուց հետո զգում ես պահանջ: Միայն դու կարող ես օգնել: Խոստացիր, որ իմ հերոինը կլինես, ինձ պահանջ է պետք չփշրվելու համար: Բռնի'ր ձեռքս` չընկնենք. մայթերը նեղ են երկու տարբեր մոլորակների համար: Ժպտում ես: Դու իմ հերոինն ես:
***
Հյուրասենյակում խշխշում է հեռուստացույցը, սենյակում մայրիկը խոսում է հեռախոսով: Դիմացս դրված սառչում է թեյս. ես այստեղ չեմ, մտքերս, արցունքներս ծանրանում են կոկորդիս: Թքում եմ ուղիղ բաժակի մեջ: Փոքրիկ աղջիկը այդպես էլ աղջիկ չդարձավ.
ում է պետք: Առաջ, երբ դուք մենախոսում էիք, ես կախում էի գլուխս, սրում ականջներս լսելու համար. ձեզ պատասխան հարկավոր չէր, արձագանք հարկավոր չէր. սեփական ձայնն էիք ստուգում: Անցել են այդ ժամանակները. Հիմա, երբ նույնիսկ ամբողջ կոկորդով բղավում եք, ես միայն խշշոց եմ լսում:
***
Սիրում եմ առավոտվա հոտը, դեռ մարդկանց լռությունից չծանրացած մայթերը: Ձեռքումս կոշիկի տուփն է. ես կանգնած եմ փակ խանութի առաջ: Վաճառողուհին բացում է դուռը սիրալիր ժպիտով: Նա ինձ չի հիշում, ոտքերս չի հիշում: Նրան եմ մեկնում տուփը: Գումար հարկավոր չէ. ես ուղղակի վերադարձնում եմ կոշիկները: Հասկանում եք, բարեկամ, ձեր կոշիկները ինձ անհարմար են:
***
Տուն չունեմ, կոշիկ չունեմ, երազանքներ չունեմ, առաջ ու հետո չունեմ...Հիմա ես միայն պահանջ ունեմ: Երկար , նեղ փողոցով վազում եմ մեր խաչմերուկ` քեզ սպասելու: Դու իմ հերոինն ես, իսկ ինձ մոտ կախվածություն է առաջանում....







